ՄՏՔԵՐ / THE POWER OF EVENTS

Անտեսանելի կապիտալ

Ինչու կապերը, վստահությունն ու մարդիկ երբեմն ավելի կարևոր են, քան փողը

Դուք հազարավոր կոնտակտներ ունեք։ Բայց քանի՞ մարդ է իրականում պատրաստ օգնել ձեզ։

Մարգուլան Սեյսեմբայը՝ Armenian Helicopters-ի ուղղաթիռի մոտ։

Պատկերացնենք երկու ձեռնարկատիրոջ։ Առաջինն ունի հազարավոր կոնտակտներ, հանդիպումներով լի օրացույց և ազդեցիկ մարդկանց հեռախոսահամարներ։ Երկրորդի շփման շրջանակն ավելի փոքր է, բայց նրա հարաբերություններն ամրապնդվել են տարիների համագործակցությամբ ու վստահությամբ։ Նրանցից ո՞վ ունի ավելի մեծ սոցիալական կապիտալ։ Պատասխանն այնքան ակնհայտ չէ, որքան կարող է թվալ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ կարևոր հնարավորությունները հաճախ գալիս են ոչ միայն մտերիմ մարդկանցից, այլև նրանցից, ովքեր կապում են մեզ բոլորովին այլ մասնագիտական աշխարհների հետ։

Նոյեմբերի 8-ին Երևանում մասնակցում էի Մարգուլան Սեյսեմբայիի ելույթին, որի թեման սոցիալական կապիտալն էր։ Ինձ հետաքրքրեց ոչ թե ավելի շատ «օգտակար ծանոթություններ» ձեռք բերելու խոստումը, այլ այն համակարգը, որի օգնությամբ կարելի է տարբերել ծանոթությունը հարաբերությունից, գիտակցաբար բաշխել սահմանափակ ուշադրությունը և հասկանալ՝ ինչ կարող ենք տալ ուրիշներին, նույնիսկ եթե նրանք մեզանից ավելի մեծ ֆինանսական ու մասնագիտական ռեսուրսներ ունեն։ Նրա հղումներից մի քանիսը համընկան այն ուսումնասիրությունների հետ, որոնց ես վերջերս անդրադարձել էի թույլ կապերի և գործարար համայնքների մասին իմ տեսանյութերում։ Երբ բեմում խոսողն ու դահլիճում նստած մարդը անկախաբար հենվում են նույն գրքերի, տեսությունների և պատմական օրինակների վրա, դա երբեմն ավելի լավ է բացահայտում մտածողության ընդհանրությունը, քան պարզապես համընկնող եզրակացությունները։

Սոցիալական կապիտալը ծանոթների քանակը չէ

Կոնտակտ ունենալը նշանակում է, որ կարող ենք կապ հաստատել մարդու հետ։ Հարաբերությունն արդեն փոխգործակցության պատմություն ունի, իսկ վստահությունը նշանակում է, որ ունենք հիմքեր՝ հենվելու միմյանց վարքագծի ու պարտավորությունների վրա։ Սոցիալական կապիտալը ձևավորվում է այն ժամանակ, երբ այդ հարաբերությունների շնորհիվ հասանելի են դառնում գիտելիքներ, աջակցություն և համատեղ գործողությունների հնարավորություններ, որոնք միայնակ ձեռք բերելը դժվար կլիներ։ Այստեղ տարբերությունը սկզբունքային է. մարդու հեռախոսահամարն ունենալը դեռ իրավունք չի տալիս տնօրինելու նրա ժամանակը, իսկ մեկ անգամ ստացած օգնությունը չի ստեղծում մշտական պարտավորություն։

Իր «Mistakes in Networking» հոդվածում Սեյսեմբային նեթվորքինգը դիտարկում է որպես հարաբերությունները գիտակցաբար զարգացնելու գործելակերպ, ոչ թե այցեքարտեր հավաքելու զբաղմունք։ Գիտական մոտեցումներն ավելի լայն են. ուսումնասիրում են սոցիալական ցանցերի կառուցվածքը, փոխադարձությունը, վստահությունն ու հարաբերությունների միջոցով հասանելի ռեսուրսները։ Սոցիալական կապիտալի համընդհանուր չափման միակ բանաձև գոյություն չունի, ուստի կոնտակտների քանակը դրա արժեքի բավական թույլ ցուցանիշ է։

Կոնտակտը հնարավորություն է տալիս դիմել մարդուն։ Վստահությունն է նրան հիմք տալիս ցանկանալու պատասխանել։

Ուշադրության շրջանակները. ինչի՞ համար է 10 / 30 / 60 մոդելը

Մարգուլանի ներկայացրած գործնական մոդելներից մեկը մասնագիտական շրջապատը բաժանում է երեք շրջանակի՝ ոսկե՝ 10 մարդ («հնարավորություններն իրագործելու ռեսուրսներ»), արծաթե՝ 30 («հնարավորություններ և ռեսուրսներ»), բրոնզե՝ 60 («նոր հնարավորությունների ներհոսք»)։ Եթե այս բաժանումն ընկալենք որպես մարդկանց մարդկային արժեքի գնահատական, այն բնականաբար անհարմար է թվում։ Բայց երբ մոդելը դիտարկում ենք որպես սահմանափակ ռեսուրսի՝ մեր ուշադրության բաշխման գործիք, դրա իմաստը շատ ավելի հստակ է դառնում։

10

Ոսկե

հնարավորություններն իրագործելու ռեսուրսներ

30

Արծաթե

հնարավորություններ և ռեսուրսներ

60

Բրոնզե

նոր հնարավորությունների ներհոսք

Մարգուլանի ներկայացրած մոդելն է։

Ելույթի ընթացքում Մարգուլանը հղում արեց մարդաբան Ռոբին Դանբարի աշխատանքներին, որոնք ուսումնասիրում են մարդկային սոցիալական ցանցերի շերտավոր կառուցվածքը։ Դանբարի հետազոտություններում հաճախ հանդիպում են մոտավոր 5, 15, 50 և 150 հոգանոց շրջանակներ. որքան սերտ է կապը, այնքան ավելի շատ ժամանակ ու զգացական ներգրավվածություն է այն սովորաբար պահանջում։ Դանբարի թվերը չեն համընկնում 10 / 30 / 60-ի հետ, և սխալ կլիներ վերջինը ներկայացնել որպես գիտականորեն հաշվարկված նույն բանաձևը։ Երկու մոտեցումներն էլ, սակայն, հիշեցնում են մի պարզ սահմանափակում. չենք կարող բոլոր ծանոթների հետ հավասարապես խոր հարաբերություններ պահպանել։

Գործնականում ոսկե շրջանակում կարող են լինել մարդիկ, որոնց հետ արդեն կա խոր մասնագիտական վստահություն, արծաթեում՝ կայուն գործընկերներն ու գործընկերային կապերը, իսկ բրոնզեում՝ ավելի լայն ծանոթությունների ցանցը, որի միջոցով հասնում են նոր գաղափարներն ու տեղեկությունները։ Արտաքին շրջանակում հայտնվելը ոչ մեկին չի դարձնում պակաս արժեքավոր մարդ. այս համակարգը նկարագրում է մեր ուշադրությունը, ոչ թե ուրիշների արժանիքները։

Թույլ կապերի ուժը և տարբեր մասնագիտական աշխարհների արժեքը

1973 թվականին սոցիոլոգ Մարկ Գրանովետերը հրապարակեց «The Strength of Weak Ties» հետազոտությունը՝ բացատրելով, թե ինչու համեմատաբար թույլ կապերը կարող են վճռորոշ դեր ունենալ սոցիալական տարբեր խմբերի միջև տեղեկատվության տարածման մեջ։ Մտերիմ ընկերներն ու գործընկերները հաճախ ճանաչում են նույն մարդկանց և օգտվում նման աղբյուրներից։ Իսկ ավելի հեռավոր ծանոթը կարող է կապել մեզ գիտելիքի ու հնարավորությունների հետ, որոնք մեր անմիջական շրջապատում պարզապես չկան։

Մարգուլանի ելույթից մի քանի շաբաթ առաջ իմ տեսանյութերից մեկում հենց այս գաղափարով էի բացատրում համաժողովների հետաքրքիր առանձնահատկությունը. երբեմն օրվա ամենաարժեքավոր զրույցը տեղի է ունենում ոչ թե նիստերի դահլիճում, այլ սուրճի սարքի կողքին։ Համաժողովը ժամանակավորապես նույն վայրում է հավաքում մարդկանց, որոնք այլ հանգամանքներում գուցե երբեք չհանդիպեին՝ ստեղծելով օգտակար պատահական հանդիպման կանխամտածված հնարավորություն։ Մարգուլանն էլ իր բազմաթիվ օրինակների շարքում անդրադարձավ թույլ կապերի ուժին։ Ինձ համար այդ համընկնումը հետաքրքիր էր ոչ թե որպես գաղափարների փոխառության ապացույց, այլ որպես ընդհանուր գիտական հետաքրքրությունների արտահայտություն։

Մարգուլանի հիշատակած մյուս հետազոտողը՝ սոցիոլոգ Ռոնալդ Բըրթը, այս գաղափարին ավելացնում է ևս մեկ շերտ։ «Structural Holes and Good Ideas» (2004) աշխատությունում նա ուսումնասիրել է իրար հետ քիչ շփվող խմբերը միացնող մարդկանց առավելությունները. նրանք կարող են օգտվել ավելի բազմազան տեղեկատվությունից և նկատել հնարավորություններ, որոնք մեկ մասնագիտական միջավայրի ներսում դժվար է տեսնել։ Միևնույն ոլորտի ներսում ձևավորված վստահությունը մեծ արժեք ունի, բայց ինքնին դեռ չի երաշխավորում լայն մտահորիզոն։

Տարիների ընթացքում տարբեր դերերով մասնակցել եմ հինգ երկրում անցկացված ավելի քան 600 միջոցառումների կազմակերպմանը, որոնց ընդհանուր լսարանը գերազանցել է 120 հազար մարդը։ Բանկային, տեխնոլոգիական, մարքեթինգային, կրթական և միջոցառումների ոլորտների մասնագետների շփումներն ինձ սովորեցրել են, որ երբեմն ամենակարևոր ներդրումը ոչ թե պատրաստի պատասխան ունենալն է, այլ այն մարդկանց հանդիպեցնելը, որոնք միասին կարող են գտնել լուծումը։ Բայց երկու հեռախոսահամար փոխանցելը դեռ բավարար չէ. ծանոթությունը պետք է իմաստ ունենա երկու կողմի համար էլ։

Երբեմն մարդու արժեքը ոչ թե պատասխանն իմանալու, այլ այն մարդկանց ճանաչելու մեջ է, որոնք միասին կարող են գտնել այն։
Մարգուլան Սեյսեմբային բեմում՝ սոցիալական կապիտալի մասին ելույթի ընթացքում։

Ի՞նչ տալ մարդուն, որն, առաջին հայացքից, ամեն ինչ ունի

Ելույթի ամենաուժեղ հարցերից մեկն այս էր. «Ի՞նչ տալ մարդուն, որն ամեն ինչ ունի»։ Սովորաբար պատասխանը փնտրում ենք փողի, ազդեցության ու կարգավիճակի համեմատության մեջ՝ հենց այն ոլորտներում, որտեղ դիմացինը, հավանաբար, ավելի մեծ հնարավորություններ ունի։ Բայց մեր առաջարկած արժեքը կարող է ընդհանրապես կապ չունենալ այդ համեմատությունների հետ։

Մարգուլանը ներկայացրեց արժեքի հինգ առանցք՝ հույզեր, գիտելիք, հեղինակություն, կապեր և վարչական ռեսուրս, փող։ Առաջինը ներառում է ուշադրությունը, աջակցությունն ու համատեղ տպավորությունները, երկրորդը՝ փորձագիտությունն ու կարևոր տեղեկությունը, երրորդը՝ հիմնավորված երաշխավորությունը և վստահությունը, չորրորդը՝ ճիշտ մասնագետներին գտնելն ու օրինական կազմակերպական ընթացակարգերում կողմնորոշվելուն օգնելը, հինգերորդը՝ պատվերները, ներդրումներն ու ֆինանսական այլ մասնակցությունը։ Սրանք ազդեցիկ մարդկանց տպավորելու հինգ հնարքներ չեն. դրանք հինգ տարբեր դիտանկյուններ են, որոնցից կարելի է հասկանալ՝ ինչն է իրականում կարևոր զրուցակցի համար։

  • հույզեր
  • գիտելիք
  • հեղինակություն
  • կապեր և վարչական ռեսուրս
  • փող
Անվանումները՝ Մարգուլանի ներկայացումից, բացատրությունները՝ հեղինակի մեկնաբանությամբ։

Միջազգային ներդրողին կարող է պետք չգալ ուրիշի գումարը, բայց կարևոր լինել տեղական շուկայի մասին խորը գիտելիքը։ Հաջողակ գործարարին կարող է հետաքրքրել մուտքը նոր մասնագիտական համայնք, իսկ մեծ ճնշման տակ աշխատող մարդուն՝ առանց գործնական օրակարգի անկեղծ զրույցը։ Երբեմն էլ տվյալ պահին նա մեզանից ոչինչ չի ուզում, և դա նույնպես պետք է հարգել։ Օգտակար լինելու առաջին պայմանը լսելն է, ոչ թե ամեն գնով սեփական օգտակարությունն ապացուցելը։

Ավելի շատ տալ, քան ստանալ, չի նշանակում ծառայությունների հաշվապահություն վարել

Մարգուլանի սլայդներից մեկում փոխհարաբերության պայմանական հաշվեկշիռն էր՝ ներդրել է 5,0, ստացել՝ 3,0, տարբերությունը՝ +2,0՝ «ձեր օգտին»։ Առաջին հայացքից սա հակասական է թվում, եթե հարաբերությունները դիտարկենք որպես մեկանգամյա առևտրային գործարք։ Բայց հուսալիությունը, օգնությունը և կատարված խոստումները ժամանակի ընթացքում կարող են վստահության հիմք ստեղծել նույնիսկ առանց անմիջական փոխհատուցման։ Սա համահունչ է փոխադարձության և սոցիալական փոխանակման ուսումնասիրություններին, որոնցում երկարատև հարաբերությունները պարտադիր չէ, որ կառուցվեն նույն պահին համարժեք ծառայություններ փոխանակելու վրա։

Դա, սակայն, չի նշանակում, թե անվերջ ավելի շատ տալը միշտ առողջ մոտեցում է։ Միակողմանի աջակցությունը կարող է առաջացնել կախվածություն, ճնշում կամ վստահությունը չարաշահելու հնարավորություն։ Ավելի օգտակար է հարցնել՝ արդյոք մարդկանց հիշում եմ միայն այն ժամանակ, երբ նրանցից ինչ-որ բան է պետք, և արդյոք չեմ փորձում չափից ավելի ծառայություններով «գնել» ընդունված լինելը՝ փոխադարձ հարգանք զարգացնելու փոխարեն։ Վստահությունը հնարավոր չէ բառացիորեն չափել հարաբերությունների միավորներ գումարելով ու հանելով։

Որտե՞ղ են ավարտվում օգտակար կապերը և սկսվում «բլատը»

Մարգուլանը հաճախ օրինակներ էր բերում բիզնեսից, պետական կառավարման ոլորտից և նույնիսկ հանցավոր աշխարհից։ Հատկապես հիշվեց «բլատ» հասկացության նրա բացատրությունը։ Պատկերացնենք երկու մարդու, որոնք փոխադարձ ծառայություններ ու արտոնություններ են ստանում երրորդ անձանց հաշվին կամ արդար կանոնները շրջանցելով։ Նրանց օգուտը ծնվում է ոչ թե նոր արժեք ստեղծելուց, այլ արդեն եղած առավելությունն իրենց շրջանակի օգտին վերաբաշխելուց։

Այժմ պատկերացնենք նույն մարդկանց, որոնք իրենց գիտելիքներն ու կապերն օգտագործում են նոր բիզնես սկսելու, արտադրանք ստեղծելու կամ հանրային խնդիր լուծելու համար։ Երկուսն էլ կարող են շահել, բայց նրանց հետ միասին շահում են նաև հաճախորդները, աշխատակիցներն ու հասարակության մյուս անդամները։ Տարբերությունն այն չէ, թե արդյոք օգտագործվում են կապերը, այլ այն, թե ինչ են ստեղծում այդ կապերը և ում շահերին են անդրադառնում։ Սա ելույթում հնչած օրինակի իմ մեկնաբանությունն է, ոչ թե բառի բառարանային սահմանումը կամ ծագման բացատրությունը։

PayPal Mafia-ի մասին իմ վերջերս հրապարակած տեսանյութում պատմում էի նախկին գործընկերների ցանցի մասին, որի անդամներից են Փիթեր Թիլը, Իլոն Մասկն ու Ռիդ Հոֆմանը։ Նրանք հետագայում ստեղծեցին ընկերություններ և աջակցեցին նոր ձեռնարկումներին։ Մարգուլանն էլ իր ելույթի մեկ այլ հատվածում այլ համատեքստով հիշատակեց նույն գործարարներից մի քանիսին։ Այդ պատմությունը հետաքրքիր հարց է առաջացնում. ինչպե՞ս կարող են նախկին գործընկերների կապերը նոր հնարավորություններ ստեղծել՝ չվերածվելով միայն «յուրայինների» արտոնյալ փակ համակարգի։

Կապերի ուժը միայն այն դռները չեն, որոնք դրանք բացում են յուրայինների համար, այլ նաև այն արժեքը, որը ստեղծում են սեփական շրջանակից դուրս։

Կապերից օգտվելը նույնը չէ, ինչ հարաբերությունները զարգացնելը

«Օգտվել ≠ կառավարել»՝ Մարգուլանի սլայդներից մեկի ևս մեկ դիպուկ ձևակերպում։ Կապից օգտվելը նշանակում է հիշել մարդուն, երբ խնդիր է առաջանում։ Հարաբերությունը զարգացնելը նշանակում է կապը պահպանել, խոստումները կատարել և հետաքրքրվել դիմացինի կյանքով դեռևս մինչև որևէ խնդրանք ունենալը։ Մարգուլանը հարաբերությունների տարբեր աստիճանները նկարագրում էր նաև «ջերմաստիճանի» փոխաբերությամբ՝ սառը, տաքացող և ջերմ կապեր, որոնցից յուրաքանչյուրը ուշադրության տարբեր ռիթմ է պահանջում։

Հին, ժամանակավորապես ընդհատված կապերի մասին ուսումնասիրությունները լրացնում են այս միտքը։ «Dormant Ties: The Value of Reconnecting» (2011) աշխատության հեղինակներ Դենիել Լևինը, Խորխե Ուոլթերն ու Քիթ Մըրնիգանը ցույց են տվել, որ նախկին մասնագիտական ծանոթությունների վերականգնումը կարող է արժեքավոր նոր տեղեկություն տալ։ Անցյալում ձևավորված վստահությանը կարող է գումարվել այն նոր փորձը, որը մարդիկ կուտակել են տարիների ընթացքում։ Հնարավոր է՝ քսան նոր ծանոթ որոնելուց առաջ արժե հիշել տասը մարդու, որոնց հետ ժամանակին իմաստալից, ամուր հարաբերություններ ենք ունեցել։

Մարգուլանի գործնական սկզբունքները պարզ են՝ պահպանել կոնտակտը, պլանավորել ուշադրությունը, տարբեր հարաբերությունների համար ընտրել հաղորդակցության տարբեր ռիթմ և ստեղծել ընդհանուր փորձառություններ։ Բայց ուշադրությունը պլանավորել չի նշանակում ժամանակացույցով անհանգստացնել մարդկանց։ Երբեմն ճիշտ քայլը հանդիպելն է, երբեմն՝ օգտակար տեղեկություն փոխանցելը, իսկ երբեմն՝ պարզապես մյուսին հանգիստ թողնելը։ Օգնություն խնդրելիս էլ նա խորհուրդ էր տալիս հստակ ձևակերպել խնդրանքը, թույլ տալ մերժել և հետո անպայման տեղեկացնել արդյունքի մասին, նույնիսկ եթե համագործակցությունը չի կայացել։

Առաջին քայլը նոր ծանոթությունը չէ, այլ վաղուց խոստացած պատասխանը։

Ինչո՞ւ կարող է ընդհանուր փորձառությունը շարունակվել միջոցառումից հետո

Մարգուլանի մեկ այլ միտք անմիջականորեն առնչվում է միջոցառումների ոլորտին. «Ամուր կապերն աճում են ուժեղ միջավայրում։ Ընդհանուր փորձառությունը վստահության ամենակարճ ճանապարհն է»։ «Sharing Extraordinary Experiences Fosters Feelings of Closeness» (2018) հետազոտությունը ցույց է տալիս, որ անսովոր փորձառությունը միասին ապրելը երբեմն ուժեղացնում է նախկինում անծանոթ մարդկանց մտերմության զգացումը, թեև այդ զգացումը միայնակ դեռ չի երաշխավորում երկարատև վստահություն։ Միջոցառումը ստեղծում է հարաբերության առաջացման պայմաններ, բայց ոչ պատրաստի հարաբերություն։

Ժամանակին Մարգուլանի՝ Տաշքենդում անցկացված ելույթներից մեկի ժամանակ ծանոթացա մի մարդու հետ, որը նույնպես Երևանից էր։ Հետագայում նա դարձավ իմ բիզնես գործընկերը։ Մենք ապրում էինք նույն քաղաքում, բայց հանդիպելու համար հայտնվել էինք տնից հազարավոր կիլոմետրեր հեռու։ Այդ միջոցառման իրական արժեքը բացահայտվեց ավելի ուշ՝ շարունակվող զրույցի և համագործակցության ընթացքում։ Ահա թե ինչու միջոցառումը միայն մասնակիցների թվով կամ ծրագրի որակով գնահատելը բավարար չէ. կարևոր է նաև այն, թե ինչ են մարդիկ միասին անում դրա ավարտից հետո։

Երևանում անցկացվող գործարար միջոցառման լսարանն ու բեմը։

Երբ միջոցառումները դառնում են հարաբերությունների ենթակառուցվածք

Այս համատեքստում հատկապես խորհրդանշական է, որ Մարգուլանի երևանյան հանդիպումը կազմակերպել էր «Մանթաշյանց» գործարարների ակումբը, որի անդամն եմ նաև ես։ Համայնքը միավորում է հազարից ավելի ձեռնարկատերերի և տարեկան անցկացնում է ավելի քան երկու հազար միջոցառում։ Այդ մասշտաբում միջոցառումներն այլևս օրացույցի առանձին օրեր չեն։ Դրանք դառնում են հարաբերությունների ենթակառուցվածք՝ միջավայր, որտեղ մարդիկ պարբերաբար հանդիպում են, ճանաչում միմյանց, փոխանակում փորձ և աստիճանաբար ստեղծում ապագա նախագծերի հիմքը։

Ինձ համար կրկնակի հաճելի էր բեմում տեսնել Մարիամ Փոքրիկյանին՝ ակումբի թիմի առանցքային անդամներից մեկին և իմ PROEvents360 ծրագրի շրջանավարտին։ Պատրաստության ընթացքում մենք կապի մեջ էինք, ուստի գրեթե հազար հոգանոց միջոցառման բեմում նրան տեսնելն ինձ համար հատկապես կարևոր պահ էր։ Սա այն ամենամասշտաբային նախագծերից մեկն է, որոնց վրա նա աշխատել է, և ինձ համար կարևոր էր տեսնել, թե որքան պրոֆեսիոնալ է նա այսօր նայում միջոցառմանը՝ նպատակների, լսարանի, մասնակիցների փորձառության և այն արդյունքի միջոցով, որը մնում է վերջին բեմական ելույթից հետո։

Մարիամ Փոքրիկյանը համավարողի հետ՝ երևանյան միջոցառման բեմում։

Ինչպե՞ս հասկանալ՝ սոցիալական կապիտալն իսկապե՞ս աճում է

Նեթվորքինգի մասին քննարկումներում հաճախ անտեսվում է մի կարևոր հարց՝ ինչպե՞ս գնահատել զարգացումը՝ այն չսահմանափակելով պայմանագրերի կամ հանդիպումների թվով։ Կարելի է դիտարկել հինգ ուղղություն։ Վստահություն՝ կա՞ն մարդիկ, որոնց հետ հնարավոր է անկեղծ խոսել դժվար խնդիրներից։ Փոխադարձություն՝ օգուտ ստեղծո՞ւմ ենք նաև ուրիշների համար։ Բազմազանություն՝ շփվո՞ւմ ենք տարբեր մասնագիտական համայնքների մարդկանց հետ։ Հուսալիություն՝ կատարո՞ւմ ենք խոստումները։ Հնարավորություններ՝ ծնվո՞ւմ են համատեղ գաղափարներ, նախաձեռնություններ ու նախագծեր։ Սրանք ինքնավերլուծության հեղինակային հարցեր են, ոչ թե Մարգուլանի պաշտոնական գործիքը կամ գիտականորեն վավերացված սանդղակը։

Այս տարբերակումը կարևոր է, քանի որ կարճաժամկետ ֆինանսական արդյունքն ու երկարաժամկետ սոցիալական կապիտալը միշտ չէ, որ նույն ուղղությամբ են շարժվում։ Հնարավոր է շահավետ գործարք կնքել՝ միաժամանակ վնասելով այն մարդկանց վստահությանը, որոնք օգնել են դրան հասնել։ Եվ հակառակը՝ ամիսներ շարունակ նոր պայմանագիր չունենալ, բայց ամրապնդել հարաբերությունները, վերականգնել հին կապերն ու պատրաստել ապագա համագործակցության հիմքը։ Միայն անմիջական եկամուտը հաշվելը թույլ չի տալիս տեսնել այս կապիտալի առանձնահատկությունը։

Եզրակացություն. կապիտալ, որը հնարավոր չէ գնել

Սարքավորումներ կարելի է համեմատաբար արագ գնել, ֆինանսավորում ներգրավել, մասնագետ վարձել կամ հետազոտություն պատվիրել։ Վստահության դեպքում այդպես չէ։ Այն հնարավոր չէ գնել մեկ գործարքով, ստանալ պաշտոնի շնորհիվ կամ ստեղծել մեկ հաջող ծանոթությամբ։ Վստահությունը ձևավորվում է ժամանակի ընթացքում՝ քայլերով, կատարված խոստումներով, ուրիշների ժամանակի նկատմամբ հարգանքով, համատեղ փորձառությամբ և օգնելու պատրաստակամությամբ։

Ահա թե ինչու սոցիալական կապիտալն ունի մի առանձնահատկություն, որը հաճախ թերագնահատում ենք. այն ստեղծվում է շատ ավելի վաղ, քան ակնհայտ է դառնում դրա արժեքը։ Երբ բարդ խնդիր է առաջանում, լուծումը կարող է կախված լինել ոչ միայն գիտելիքից, բյուջեից կամ լիազորություններից, այլև տարիներով ձևավորված հարաբերություններից։ Միևնույն ժամանակ դրանք արժեքավոր լինելու համար պարտադիր չէ վերածվեն պայմանագրի կամ ներդրման. երբեմն դրանց արդյունքն անկեղծ խորհուրդն է, այլ տեսակետը կամ դժվար պահին ցուցաբերված աջակցությունը։

Մարգուլանի ելույթից իմ ամենակարևոր հետևությունը ոչ թե հեռախոսագրքում նոր անուններ ավելացնելու ցանկությունն էր, այլ այն գիտակցումը, որ հարաբերությունների զարգացումը սկսվում է սեփական վարքագծից։ Կարևոր է ոչ միայն հիշել մարդկանց, որոնք կարող են մեզ օգնել, այլ նաև լինել մեկը, ում մյուսները կարող են վստահությամբ դիմել։ Հաջորդ քայլը կարող է շատ պարզ լինել՝ պատասխանել վաղուց անպատասխան մնացած նամակին, վերսկսել արժեքավոր զրույցը կամ ծանոթացնել երկու մարդու, որոնք միասին կարող են նշանակալի բան ստեղծել։

Ամենաթանկ կապիտալը ոչ թե այն մարդկանց թիվն է, որոնց ճանաչում ենք, այլ մեր միջև ձևավորվող վստահությունը։ Այն մեկ օրում հնարավոր չէ կուտակել, բայց մի օր հենց այդ վստահությունը կարող է օգնել անել այն, ինչն առանձին-առանձին անհնար կլիներ։
ԱՌՆՉՎՈՂ

Ավելի շատ գաղափարներ

Louis Vuitton SS27 ցուցադրության ութմետրանոց ալիքը Փարիզում

Louis Vuitton SS27․ ինչ է բացահայտում ութմետրանոց ալիքը Event-ճարտարապետության մասին

2026 թվականի հունիսի 23-ին Louis Vuitton-ը Փարիզում ներկայացրեց տղամարդկանց Spring–Summer 2027 հավաքածուն՝ մոտ ութ մետր բարձրությամբ և ավելի քան 37 մետր լայնությամբ հսկայական արհեստական ալիքի ֆոնին։ Սոցիալական մեդիան տեսավ տպավորիչ տեսարանը։ Event մասնագետի համար ավելի հետաքրքիր հարցն այն է, թե ինչ համակարգ պետք է գոյություն ունենար այդ մեկ ուժեղ պատկերի շուրջ, որպեսզի կարճ տևողությամբ fashion show-ն վերածվեր համաշխարհային մասշտաբի իրադարձության, և ինչու այդ համակարգի մի հատված, այնուամենայնիվ, առաջացրեց լարվածություն։

8 ՐՈՊԵ ԸՆԹԵՐՑՈՒՄ
ԿԱՐԴԱԼ
Սերգեյ Ուսնունցը և Բրայան Թրեյսին բեմում ձեռք են սեղմում

Բրայան Թրեյսիից 50 օր առաջ ես տեսա, թե ինչպես է ավարտվում իմ կարիերան

Պատմություն այն մասին, թե ինչպես Բրայան Թրեյսիի ժամանումից 50 օր առաջ մեկ օրը լիովին փոխեց մեծ Event-նախագծի կառավարման իմ ընկալումը՝ առաջադրանքների ցանկից մինչև ռիսկերի և փոխկախվածությունների համակարգ։

10 ՐՈՊԵ ԸՆԹԵՐՑՈՒՄ
ԿԱՐԴԱԼ
Սերգեյ Ուսնունցը ներկայացնում է Converse Bank-ի բջջային հավելվածը

Ինչու են ուժեղ թիմերը ձախողում բարդ նախագծերը

Խոշոր նախագծերի ամենավտանգավոր խնդիրները հազվադեպ են ծնվում առանձին ֆունկցիաների ներսում։ Դրանք առաջանում են դրանց միջև՝ այնտեղ, որտեղ ռազմավարությունը պետք է հանդիպի պրոդուկտին, տեխնոլոգիան՝ բիզնեսին, իսկ մի քանի ուժեղ թիմերի որոշումները պետք է վերածվեն մեկ ամբողջական արդյունքի։

8 ՐՈՊԵ ԸՆԹԵՐՑՈՒՄ
ԿԱՐԴԱԼ